Լրահոս

08.02.2012 16:14


Ռուսաստանը Վրաստանին մեղադրում է «անպատվաբեր խարդախության» համար

Ռուսաստանը Վրաստանին մեղադրում է «անպատվաբեր խարդախության» համար

Մեկնաբանելով լրատվամիջոցների այն հարցերից մեկը, թե այն, որ Վրաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին «չեզոք անձնագրեր» է առաջարկում, արդյոք այդ տարածքները «փափուկ» ձևով վերադարձնելու փորձ չէ՞, ՌԴ ԱԳՆ–ն վրացական կողմի գործողություններն «անպատվաբեր խարդախություն» է որակել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Հրապարակված մեկնաբանության մեջ նշվում է, որ առաջարկվող այդ անձնագրերի վրա թեև չկա վրացական պետական խորհրդանիշը, բայց ողջ գործընթացն իրականացվում է Վրաստանի ՆԳՆ վերահսկողության ներքո։

«Սա ընդամենը խաբկանք է, փորձ է՝ խաբելու այդ մարդկանց։ Այն փաստը, որ վրացական իշխանությունները ստիպված են դիմել նման անպատվաբեր խարդախության, ինքնին շատ հատկանշական է։ Նախ՝ դա հաստատում է այն փաստը, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է անկախության օգտին ու ցանկություն չունի վրացական պետության հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ։ Երկրորդ՝ մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ իրենց քաղաքականությունը բարոյական պակաս ունի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «չեզոք անձնագրեր» տրամադրելու վրացական կողմի նախաձեռնությունը խիստ բացասական կերպով է ընդունվել Սուխումում ու Ցխինվալում։ 

Այս խորագրի վերջին նյութերը